Դատարանի կանոնակարգ – 47-րդ հոդված

Դատարանի կանոնակարգ

Հոդված 471 – Անհատական դիմումի բովանդակությունը

1. Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ներքո ցանկացած դիմում պետք է ներկայացվի Դատարանի քարտուղարության պաշտոնական ձևաթղթի վրա, եթե այդ առումով Դատարանն այլ որոշում չի կայացրել։ Այն պետք է պարունակի դիմումի ձևաթղթի համապատասխան բաժիններով պահանջվող ամբողջ տեղեկատվությունը և ներառի հետևյալը.

(ա) դիմողի անունը, ծննդյան ամսաթիվը, քաղաքացիությունը և հասցեն, իսկ իրավաբանական անձ հանդիսացող դիմողի դեպքում՝ դրա լրիվ անվանումը, հիմնադրման կամ գրանցման ամսաթիվը, պաշտոնական գրանցման համարը (եթե այդպիսին գոյություն ունի) և պաշտոնական հասցեն,

(բ) ներկայացուցչի առկայության դեպքում՝ նրա անունը, հասցեն, հեռախոսի և ֆաքսի համարները, ինչպես նաև էլ. փոստի հասցեն,

(գ) ներկայացուցիչ ունենալու դեպքում՝ դիմումի ձևաթղթի լիազորագրի համար նախատեսված բաժնում դիմողի ստորագրության բնօրինակն ու ամսաթիվը, ինչպես նաև նույն բաժնում ներկայացուցչի բնօրինակ ստորագրությունը՝ որպես ապացույց, որ նա համաձայն է հանդես գալ դիմողի անունից։ Դատարանը կարող է ընդունել ստորագրությունների կամ Բարձր պայմանավորվող կողմերի ներպետական օրենսդրությամբ սահմանված այլ լիազորագրերի պատճեններ, եթե դիմողը համոզիչ կերպով հիմնավորի, թե ինչու հնարավոր չէր պահպանել վերոհիշյալ պահանջները, և Դատարանի լիազորագիրը բնօրինակ ստորագրություններով ներկայացնի Դատարանին ողջամիտ ժամկետում,

(դ) Բարձր պայմանավորվող կողմի կամ կողմերի անունը, որի կամ որոնց դեմ ներկայացվում է դիմումը,

(ե) փաստերի հակիրճ և ընթեռնելի շարադրանքը,

(զ) Կոնվենցիայի ենթադրյալ խախտման կամ խախտումների հակիրճ և ընթեռնելի շարադրանքը և համապատասխան փաստարկները, ինչպես նաև

(է) դիմողի կողմից Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ընդունելիության պայմանների բավարարումը հաստատող հակիրճ և ընթեռնելի հայտարարություն։

2.

(ա) Սույն հոդվածի 1-ին կետի (ե)-ից (է) ենթակետերով պահանջվող և դիմումի ձևաթղթի համապատասխան բաժնում լրացվող տեղեկատվությունը պետք է լինի այնքանով բավարար, որպեսզի այն Դատարանին հնարավորություն ընձեռնի որոշելու դիմումի էությունն ու շրջանակները՝ առանց որևէ այլ փաստաթղթի անդրադառնալու։

(բ) Դիմողն, այնուամենայնիվ, կարող է ի լրումն այդ տեղեկատվության դիմումի ձևաթղթին կից առանձին թղթերի վրա ներկայացնել հավելյալ մանրամասներ գործի փաստերի, Կոնվենցիայի ենթադրյալ խախտումների և համապատասխան փաստարկների մասին։ Նման հավելվածները, սակայն, չպետք է գերազանցեն 20 էջը։

3.1. Դիմողը կամ նրա ներկայացուցիչը պետք է ստորագրեն դիմումի ձևաթուղթը և դրան պետք է կցեն հետևյալը.

(ա) բողոքարկվող իրավական կամ այլ բնույթի որոշումների հետ կապված փաստաթղթերի պատճենները,

(բ) այն բոլոր փաստաթղթերի և որոշումների պատճենները, որոնք կարող են հաստատել, որ դիմողը պահպանել է ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառելու անհրաժեշտ պայմանը և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը,

(գ) տեղին լինելու դեպքում՝ միջազգային քննության կամ կարգավորման այլ մարմիններին հանձնված վարույթների հետ կապված փաստաթղթերի պատճենները,

(դ) այն դեպքում, երբ դիմողը հանդիսանում է սույն հոդվածի 1-ին կետի (ա) ենթակետում նշված իրավաբանական անձ, որևէ փաստաթուղթ՝ որպես ապացույց, որ Դատարան դիմում ներկայացրած անձն ի պաշտոնե իրավասու է կամ լիազորված է ներկայացնել դիմողին։

3.2. Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը պետք է ցուցակում նշվեն ըստ ամսաթվերի հերթականության, լինեն հաջորդաբար համարակալված և ունենան հստակ անվանում։

4. Եթե դիմողները չեն ցանկանում, որպեսզի իրենց ինքնությունը բացահայտվի հանրությանը, ապա նրանք պետք է այդ մասին իրազեկեն և հիմնավորեն, թե ինչումն է կայանում Դատարանում գործի քննության վերաբերյալ տեղեկատվության հանրամատչելիության ընդհանուր կանոնից շեղման ահրաժեշտությունը։ Դատարանը կարող է որոշել անանության հայցն ընդունել կամ կարող է այն շնորհել սեփական հայեցողությամբ։

5.1. Սույն հոդվածի 1-ինից 3-րդ կետերով սահմանված պահանջների չպահպանումը կարող է հանգեցնել Դատարանի կողմից դիմումի չքննման՝ բացառությամբ այն դեպքերի, երբ.

(ա) դիմողը տրամադրել է պահանջները չպահպանելու վերաբերյալ հիմնավոր բացատրություն,

(բ) դիմումը վերաբերում է ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին հայցի,

(գ) Դատարանն ըստ իր հայեցողության կամ դիմողի հայցի հիման վրա այլ որոշում է ընդունում։

5.2. Դատարանն ամեն դեպքում կարող է դիմողից պահանջել ցանկացած ձևով կամ եղանակով տրամադրել հավելյալ տեղեկատվություն կամ փաստաթղթեր և սահմանել համապատասխան ժամկետներ։

6.

(ա) Կոնվեցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դիմումի ձևաթղթի ներկայացման ամսաթիվ է համարվում սույն հոդվածի պահանջներին համապատասխան լրացված դիմումի ուղարկման ամսաթիվը։ Որպես ուղարկման ամսաթիվ ընդունվում է փոստային կնիքով դրոշմված ամսաթիվը։

(բ) Այնուամենայնիվ, Դատարանը կարող է որոշել դիմումի ներկայացման ամսաթիվ համարել մեկ այլ ամսաթիվ, եթե գտնի, որ կան համապատասխան հիմքեր։

7. Դիմողները Դատարանին պետք է տեղյակ պահեն իրենց հասցեի փոփոխության, ինչպես նաև դիմումին առնչվող ցանկացած այլ հանգամանքի փոփոխման մասին։

__________

1 Համաձայն 2002 թ. հունիսի 17-ին և հուլիսի 8-ին, 2007 թ. դեկտեմբերի 11-ին, 2008 թ. սեպտեմբերի 22-ին, 2013 թ. մայիսի 6-ին, 2015 թ. հունիսի 1-ին, հոկտեմբերի 5-ին և 2024 թ․ հունվարի 18-ին Դատարանի կողմից ընդունված փոփոխությունների։