Վարույթի հարուցում – Գործնական Ցուցում

Վարույթի հարուցում1

(կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիմքով անհատական գանգատներ)

I. Ընդհանուր

1. Կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիմքով ցանկացած գանգատ ներկայացվում է գրավոր։ Հեռախոսով գանգատներ չեն ընդունվում։ Բացառությամբ Դատարանի կանոնակարգի 47-րդ Կանոնով նախատեսված դեպքերի, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված չորսամսյա ժամկետի հաշվարկն ընդհատվում է միայն գանգատի լրացված օրինակելի ձև ներկայացնելով։ Գանգատի օրինակելի ձևը տեղադրված է առցանց Դատարանի կայքում։2. Խիստ խրախուսելի է, որ Դատարանին` փոստով ուղարկելիք տպված օրինակ ստանալու համար դիմելու փոխարեն դիմումատուները ներբեռնեն և տպեն գանգատի օրինակելի ձևը։ Այդ տարբերակով դիմումատուները կխնայեն ժամանակ և ավելի արդյունավետ կապահովեն իրենց գանգատի լրացված օրինակելի ձևի մուտքագրումը չորսամսյա ժամկետում։ Օրինակելի ձևի տարբեր դաշտերը լրացնելու համար օգնությունը հասանելի է առցանց։

2. Գանգատը պետք է ուղարկվի հետևյալ հասցեին`

The Registrar
European Court of Human Rights
Council of Europe
67075 Strasbourg Cedex
FRANCE

3. Ֆաքսիմիլային կապով ուղարկված գանգատները չեն ընդհատում Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված չորսամսյա ժամկետի հաշվարկը։ Նույն չորսամսյա ժամկետում դիմումատուն պետք է նաև փոստով ուղարկի ստորագրված բնօրինակը։

4. Դիմումատուն պատշաճ նամակագրություն է վարում Դատարանի Քարտուղարության հետ։ Պատասխանի ուշացումը կամ չուղարկելը կարող է համարվել նշան, որ դիմումատուն այլևս շահագրգռված չէ հետամուտ լինել իր գանգատին։

II. Զևը և բովանդակությունը

5. Գանգատի օրինակելի ձևում փաստերին, բողոքներին և ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառելու պահանջի և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված վեցամսյա ժամկետի պահպանմանն առնչվող տեղեկությունները պետք է բավարարեն Դատարանի կանոնակարգի 47-րդ Կանոնում սահմանված պայմանները։ Առանձին փաստաթղթով ներկայացվող լրացուցիչ տեղեկությունների ծավալը չպետք է գերազանցի 20 էջը (տես 47-րդ Կանոնի 2-րդ մասի (բ) կետը) և

ա) պետք է լինի A4 ձևաչափի թղթի վրա` առնվազն 3.5 սմ լայնությամբ լուսանցքով.

բ) պետք է լինի լրիվ ընթեռնելի և, եթե տպված է, տեքստի հիմնական մասը պետք է լինի 12 pt, ծանոթագրությունները 10 pt, իսկ տողերի միջև տարածությունը մեկ ու կես տող.

գ) բոլոր թվերը պետք է արտահայտված լինեն թվանշաններով.

դ) էջերն ունենան հաջորդական համարակալում.

ե) բաժանված լինի համարակալված պարբերությունների.

զ) բաժանված լինի մասերի, որոնք վերնագրված են «Փաստեր», «Բողոքներ և խախտման մասին հայտարարություններ» և «Տեղեկություններ ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառելու և 35-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված ժամկետը պահպանելու մասին»։

6. Գանգատի օրինակելի ձևի բոլոր դաշտերը լրացվում են բառերով։ Խուսափեք սիմվոլներից, նշաններից կամ հապավումներից։ Բացատրեք բառերով, եթե նույնիսկ պատասխանը բացասական է կամ հարցը կարևոր չի թվում։

7. Գանգատի օրինակելի ձևում հատկացված մասում Դիմումատուն պետք է շարադրի գործի փաստական հանգամանքները, իր բողոքները և ընդունելիության չափորոշիչներին համապատասխանելու մասին բացատրությունները։ Տեղեկությունները պետք է բավարար լինեն, որ Դատարանը կարողանա որոշել գանգատի էությունը և ծավալը, և գանգատի լրացված օրինակելի ձևը պետք է ինքնին բավարար լինի։ Ընդունելի չէ գանգատի օրինակելի ձևին պարզապես կցել փաստական հանգամանքների, բողոքների և համապատասխանության մասին հայտարարություն` նշելով կամ չնշելով «տես առդիր»։ Այդ տեղեկությունները գանգատի օրինակելի ձևում լրացնելն օգնում է Դատարանին արագ գնահատել և մակագրել մուտքագրվող գործերը։ Անհրաժեշտության դեպքում, առանձին փաստաթղթով` առավելագույնը 20 էջ ծավալով կարող են առդիր ներկայացվել լրացուցիչ տեղեկություններ։ Դրանք միայն լրացնում են, բայց չեն կարող փոխարինել փաստական հանգամանքների, բողոքների և ընդունելիության չափանիշներին համապատասխանության մասին շարադրանքը, որոնք պետք է լինեն գանգատի օրինակելի ձևում։ Գանգատի օրինակելի ձևը չի համարվելու 47-րդ Կանոնին համապատասխանող, եթե այս տեղեկությունները չկան օրինակելի ձևում։

8. Դատարանին դիմող ցանկացած իրավաբանական անձ (այդ թվում` ընկերություն, հասարակական կազմակերպություն կամ միություն) անում է դա գանգատի օրինակելի ձևի համապատասխան բաժնում նշված իր ներկայացուցչի միջոցով, ով տրամադրում է իր կոնտակտային տվյալները և բացատրում իր լիազորությունները կամ կապը իրավաբանական անձի հետ։ Գանգատի օրինակելի ձևի հետ միասին ներկայացվում է ապացույց, որ ներկայացուցիչը լիազորված է գործել իրավաբանական անձի անունից, օրինակ` քաղվածք Առևտրային պալատի ռեգիստրից կամ կառավարման մարմնի նիստի արձանագրությունից։ Իրավաբանական անձի ներկայացուցիչը տարբերվում է փաստաբանից, ով լիազորված է հանդես գալ Դատարանում որպես օրինական ներկայացուցիչ։ Կարող են լինել դեպքեր, երբ իրավաբանական անձի ներկայացուցիչը նաև փաստաբան է կամ իրավաբան և լիազորված է լրացուցիչ հանդես գալ որպես օրինական ներկայացուցիչ։ Այս դեպքում ևս լրացվում են գանգատի օրինակելի ձևի երկու բաժինները, որոնք վերաբերվում են ներկայացուցչությանը, և կից ներկայացվում են իրավաբանական անձին ներկայացնելու լիազորություններն ապացուցող անհրաժեշտ փաստաթղթեր։

9. Վարույթի նախնական փուլում դիմումատուն պարտադրված չէ ունենալ օրինական ներկայացուցիչ։ Եթե նա վարձում է փաստաբան, ապա գանգատի օրինակելի ձևում պետք է լրացվի լիազորությունների բաժինը։ Դիմումատուն և ներկայացուցիչը պետք է ստորագրեն լիազորությունների բաժինը։ Առանձին լիազորագիր այս փուլում ընդունելի չէ, քանի որ Դատարանը պահանջում է, որ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները ներկայացվեն գանգատի օրինակելի ձևում։ Եթե պնդում է արվում, որ անհաղթահարելի գործնական դժվարությունների հետևանքով հնարավոր չէ ապահովել դիմումատուի ստորագրությունը գանգատի օրինակելի ձևի լիազորությունների բաժնում, ապա այդ իրավիճակը պետք է բացատրվի Դատարանին` ներկայացնելով հիմնավորող տեղեկություններ։ Գանգատի օրինակելի ձևն անհապաղ` չորսամսյա ժամկետում լրացնելու պահանջը չի ընդունվի որպես պատշաճ բացատրություն։

10. Գանգատի օրինակելի ձևին կից ներկայացվում են համապատասխան փաստաթղթերը, որոնք

(ա) վերաբերվում են բողոքարկվող որոշումներին կամ միջոցներին.

(բ) ապացուցում են, որ դիմումատուն կատարել է ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառելու պահանջը և պահպանել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը.

(գ) ներկայացնում են, հավուր պատշաճի, միջազգային այլ վարույթներին առնչվող տեղեկություններ։

Եթե դիմումատուն չի կարող տրամադրել այս փաստաթղթերից որևէ մեկի օրինակը, նա պետք է տրամադրի պատշաճ բացատրություն։ Պարզ պնդումը, որ նա դժվարությունների է հանդիպել (փաստաթղթերը ստանալու հարցում) բավարար չէ, եթե կարելի է ողջամտորեն ակնկալել, որ բացատրությունը հիմնավորվի փաստաթղթային ապացույցներով, ինչպիսիք են, օրինակ, չքավորության ապացույցը, իշխանությունների մերժումը տրամադրել որոշում կամ դիմումատուին փաստաթղթերի անհասանելի լինելու այլ ապացույց։ Եթե բացատրություն չկա կամ այն համարժեք չէ, գանագատը չի փոխանցվում դատական կազմին։

Եթե փաստաթղթերը տրամադրվում են էլեկտրոնային եղանակով դրանք պետք է լինեն սույն գործնական ցուցումի մեջ պահանջվող ձևաչափով, նաև խմբավորվեն և համարակալվեն գանգատի օրինակելի ձևում փաստաթղթերի ցուցակի համաձայն։

11. Որևէ դիմումատու, ում գանգատը կամ գանգատները Դատարանը նախկինում քննել է կամ ունի գանգատ կամ գանգատներ Դատարանի վարույթում, պետք է այդ մասին տեղեկացնի Քարտուղարությանը` նշելով գանգատների համարը կամ համարները։

12.

(ա) Եթե դիմումատուն չի ցանկանում բացահայտել իրենց ինքնությունը, նա 47-րդ Կանոնի 4-րդ մասի համաձայն պետք է գրավոր ներկայացնի իր խնդրանքի պատճառները.

(բ) դիմումատուն նշում է նաև արդյոք ցանկանում է ներկայացվել իր անվան սկզբնատառերով կամ մեկ տառով (օրինակ` «X», «Y» կամ «Z»), եթե Պալատի նախագահը թույլատրի պահպանել անանունությունը։

13. Դիմումատուն կամ նշանակված ներկայացուցիչը ստորագրում է գանգատի օրինակելի ձևը։ Ներկայացուցիչ լինելու դեպքում գանգատի օրինակելի ձևի լիազորությունների բաժինը ստորագրում են դիմումատուն և ներկայացուցիչը։ Ոչ գանգատի օրինակելի ձևը, ոչ լիազորությունների բաժինը չեն կարող ստորագրվել per procurationem (p.p.)։

III. Խմբավորված գանգատներ և մեկ գանգատով մի քանի դիմումատուներ

14. Եթե որևէ դիմումատու կամ ներկայացուցիչ բողոքներ է ներկայացնում երկու կամ ավելի դիմումատուի անունից, ում գանգատները հիմնված են տարբեր փաստերի վրա` յուրաքանչյուր անհատի համար լրացվում է առանձին գանգատի օրինակելի ձև, որտեղ ներկայացվում են պահանջվող բոլոր տեղեկությունները։ Յուրաքանչյուր դիմումատուին առնչվող փաստաթղթերը կցվում են նրա գանգատի օրինակելի ձևին։

15. Եթե դիմումատուների թիվը տասից ավելի է, ներկայացուցիչը` բացի գանգատի օրինակելի ձևերից և փաստաթղթերից, ներկայացնում է աղյուսակ, որտեղ նշվում են յուրաքանչյուր դիմումատուի մասին պահանջվող անձնական տվյալները։ Աղյուսակը կարելի է ներբեռնել Դատարանի կայքից2. Եթե ներկայացուցիչը փաստաբան է, աղյուսակը պետք է ներկայացվի նաև էլեկտրոնային ձևով։

16. Դիմումատուների կամ գանգատների մեծ խմբերի դեպքում, Դատարանը կարող է հրահանգել դիմումատուներին կամ նրանց ներկայացուցիչներին հայտարարությունների տեքստերը կամ փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային կամ այլ միջոցներով։ Դատարանը կարող է տալ այլ հրահանգներ, որոնք անհրաժեշտ են գանգատների արդյունավետ և արագ քննությանը նպաստելու համար։

IV. Տեղեկություններ ներկայացնելու պահանջների կամ ցուցումները չկատարումը

17. Սահմանված ժամկետում Դատարանի պահանջած լրացուցիչ տեղեկությունները կամ փաստաթղթերը չներկայացնելը կամ գանգատի ներկայացման ձևի կամ եղանակի վերաբերյալ Դատարանի տված ցուցումները չկատարելը, այդ թվում` խմբավորված գանգատների կամ մի քանի դիմումատուների գանգատների դեպքում, կարող է, ելնելով վարույթի փուլից, հանգեցնել Դատարանի կողմից բողոքը(-ները) չքննելուն, կամ գանգատը(-ները) անընդունելի ճանաչելուն կամ Դատարանի գործերի ցուցակից հանելուն։

__________

1 Դատարանի կանոնակարգի 32-րդ Կանոնի համաձայն Դատարանի նախագահի` 2003 թ-ի նոյեմբերի 1-ին ընդունած գործնական ցուցում` 2008 թ-ի սեպտեմբերի 22-ին, 2009 թ-ի հունիսի 24-ին, 2013 թ-ի նոյեմբերի 6-ին, 2015 թ-ի հոկտեմբերի 5-ին, 2019 թ-ի նոյեմբերի 27-ին, 2021 թ-ի հունվարի 25-ին և 2022 թ-ի փետրվարի 1-ին կատարած փոփոխություններով և լրացումներով։ Սույն գործնական ցուցումը փոխլրացնում է 45-րդ և 47-րդ Կանոնները։

2 www.echr.coe.int