Օլեգ Անիշչիկ՝ ներկայացուցիչ ՄԻԵԴ, ՄԱԿ-ի ՄԻԿ, Ինտերպոլի CCF

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Ստրասբուրգում հիմնված միջազգային դատարան է, որը կարող է միայն քննել այն անձանց, կազմակերպությունների և ընկերությունների կողմից ներկայացված գանգատները, ովքեր պնդում են, որ ոտնահարվել են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող իրենց իրավունքները։

Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան միջազգային պայմանագիր է, որով մեծ թվով եվրոպական պետություններ պարտավորվել են ապահովել մի շարք հիմնարար իրավունքներ։ Երաշխավորվող իրավունքները շարադրված են Կոնվենցիայում, ինչպես նաև դրան կից թիվ 1, 4, 6, 7, 12 և 13 Արձանագրություններում, որոնք վավերացվել են միայն որոշ պետությունների կողմից։ Ձեզ անհրաժեշտ է ծանոթանալ կից ներկայացվող այդ տեքստերին։

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան։ Դրա խնդիրն է երաշխավորել Կոնվենցիայում ամրագրված իրավունքների և երաշխիքների հանդեպ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաև պետությունների ներկայացրած բողոքները (որոնք հայտնի են որպես «հայցադիմումներ») քննելու միջոցով։ Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից և երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա դատավճիռ է կայացնում։ Դատավճիռները պարտադիր իրավական ուժ ունեն, և խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

Հայցադիմում ներկայացնելու համար պարտադիր չէ լինել Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացի։ Պարզապես իրավախախտումը, որի մասին բողոքում եք, պետք է կատարված լինի Կոնվենցիան վավերացրած որևէ պետության կողմից և նրա «իրավասության» շրջանակներում, այսինքն՝ տվյալ պետության տարածքում։ Այդ գործողությունը կամ բացթողումը պետք է իրականացված լինի պետության կամ պետությունների մեկ կամ մի քանի պետական իշխանությունների (օրինակ՝ դատարանի կամ վարչական մարմնի) կողմից։ Դատարանը չի կարող ուսումնասիրել անհատների կամ մասնավոր հաստատությունների, օրինակ՝ առևտրային ընկերությունների դեմ ուղղված բողոքները։ Դուք պետք է ուղղակիորեն և անձնապես տուժած լինեք այն իրավախախտումից, որը Ձեր կարծիքով տեղի է ունեցել։ Դուք չեք կարող ընդհանուր բողոք ներկայացնել որևէ օրենքի կամ միջոցի դեմ այն պատճառով, որ այն, օրինակ, անարդար է, ինչպես նաև չեք կարող հայցադիմում ներկայացնել այլ անձանց անունից (բացառությամբ այն դեպքերի, երբ վերջիններս հստակ նշանակել են Ձեզ որպես իրենց պաշտոնական ներկայացուցիչ)։

Դուք պետք է տվյալ պետությունում սպառած լինեք իրավական պաշտպանության բոլոր միջոցները, որոնք կարող են շտկել այն իրավիճակը, որի վերաբերյալ Դուք հայցադիմում եք ներկայացնում։ Այսինքն՝ հարկավոր է բողոք ներկայացնել համապատասխան դատարան, որին պետք է հետևի դատարանի կողմից ընդունված որոշման բողոքարկումը, եթե դա հնարավոր է, և նույնիսկ հետագա բողոքարկումը բարձրագույն ատյան, ինչպես օրինակ՝ Գերագույն կամ Սահմանադրական դատարան, եթե դրանք գործում են երկրում։ Բավարար չէ պարզապես դիմել այդ միջոցներին։ Անհրաժեշտ է բարձրացնել այն հարցը, որի դեմ բողոքում եք, այսինքն՝ Կոնվենցիայի խախտման առարկան, որն ըստ Ձեզ տեղի է ունեցել։ Տեղական մակարդակում կայացված վերջին որոշումից հետո (այսինքն՝ բարձրագույն ատյանի վճռից հետո) Դուք միայն չորս ամիս ժամանակ ունեք հայցադիմումը ներկայացնելու համար։ դիմումի ձևաթուղթը՝ պահանջվող ամբողջ տեղեկատվությամբ և փաստաթղթերով հանդերձ, պետք է Դատարան ուղարկել մինչև չորսամսյա ժամկետի լրանալու վերջին օրը կամ ամենաուշը այդ օրը։ Ստուգեք, թե արդյոք այն պարունակում է պահանջվող ամբողջ տեղեկատվությունն ու փաստաթղթերը։

Դատարանը չի կարող քննել ցանկացած տեսակի գանգատ։ Նրա իրավասության շրջանակը սահմանված է Կոնվենցիայում շարադրված ընդունելիության պայմաններով, որոնցով էլ որոշվում է, թե ով, երբ և ինչի հետ կապված կարող է Դատարան դիմել։ Դատարանի կողմից քննվող գործերի ավելի քան 90 %-ը հայտարարվում է անընդունելի։ Հետևաբար, համոզվեք, որ Ձեր գանգատները համապատասխանում են ընդունելիության պահանջներին։ Վերոհիշյալ պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար Դուք կարող եք դիմել իրավաբանական ծառայություններին։

Հայցի քննությունը անվճար է։ Դուք պետք է հոգաք միայն Ձեր սեփական ծախսերը (օրինակ՝ փաստաբանի ծառայությունների համար վճարելու կամ գործին առնչվող հետազոտություններ և հաղորդակցություն վարելու համար)։ Դատարանը չի վճարի Ձեր հայցադիմումը կազմելու ծառայության համար։ Թեև անհրաժեշտ չէ իրավական ներկայացուցիչ ունենալ գործի քննության սկզբնական փուլում, սակայն Դուք փաստաբանի կարիք կունենաք, երբ կառավարությանը տեղեկանա Ձեր հայցադիմումի մասին։

Եթե Դատարանը գտնում է, որ խախտում տեղի է ունեցել, այն կարող է որոշում կայացնել Ձեզ հատկացնել «արդար փոխհատուցում», որը դրամական գումար է՝ Ձեր կողմից կրված որոշակի վնասների դիմաց։ Դատարանը կարող է նաև պահանջել, որ տվյալ պետությունը փոխհատուցի այն ծախսերը, որոնք Դուք կրել եք Ձեր հայցադիմումը ներկայացնելու համար։