Ինչպես կապ հաստատել Դատարանի հետ ժամանակավոր միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելու համար
Դատարանի քարտուղարության աշխատակազմը միջնորդություններն ընդունում է ամեն երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 8-ից 16-ը (Ստրասբուրգի տեղական ժամանակով՝ GMT+1): Ժամը 16-ից հետո ստացված միջնորդությունները, որպես կանոն, նույն օրը չեն քննվում: Հանգստյան և պետական ոչ աշխատանքային օրերին ստացված միջնորդությունները այդ օրերին չեն քննվում, այլ քննության են առնվում հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում (տե՛ս պետական և այլ ոչ աշխատանքային օրերի ցանկը)։
Միջնորդություններն անհրաժեշտ է ուղարկել ECHR Rule 39 Site կայքի միջոցով, ֆաքսով կամ փոստով: Էլեկտրոնային փոստով ուղարկված միջնորդությունները չեն քննվում Դատարանի կողմից:
– ECHR Rule 39 Site: Կայքի հասցեն է՝ https://r39.echr.coe.int. Կայքի մասին հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել ստորև։
– ֆաքսով: Ֆաքսով միջնորդություններն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ համարներով՝ +33 3 90 21 43 50 և +33 3 88 41 39 00.
Խորհուրդ է տրվում 10 էջը գերազանցող ցանկացած ֆաքս ուղարկել մի քանի մասով, որպեսզի այն մուտքագրվի և գրանցվի հնարավորինս ամբողջական կերպով։
– Փոստային հասցեն է:
European Court of Human Rights
Council of Europe
67075 STRASBOURG CEDEX
FRANCE
Փոստով կամ ֆաքսով ուղարկվող բոլոր միջնորդությունների առաջին էջին թավ տառատեսակով պետք է նշել հետևյալը:
«Rule 39 – Urgent / 39-րդ կանոն – հրատապ Հետադարձ կապ (անձի անուն, ազգանուն և կոնտակտային տվյալներ)՝ …
Արտաքսման կամ հանձնման գործերով հարկավոր է նշել նաև հետևյալը:
Երկրից տեղափոխման նախատեսված ամսաթիվը, ժամը և տեղափոխման երկիրը՝…»
Որպես կանոն, միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդությունները պետք է ուղարկել հնարավորինս շուտ՝ ներպետական վերջնական որոշումից անմիջապես հետո, որպեսզի Դատարանը և նրա Քարտուղարությունը բավարար ժամանակ ունենան հարցը քննելու համար: Հնարավոր է, որ Դատարանը չկարողանա քննության առնել արտաքսման կամ հանձնման գործերով ներկայացված միջնորդությունները՝ երկրից տեղափոխման նախատեսված ժամից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ դրանք չստանալու դեպքում։
ECHR Rule 39 Site կայքի միջոցով միջնորդություններ ներկայացնելու մասին մանրամասներ
ECHR Rule 39 Site կայքի միջոցով Դատարան պետք է բացառապես ուղարկել միայն Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն ներկայացվող միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդություններ: Այս կայքի միջոցով ներկայացված, սակայն միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդության չվերաբերող նյութերը չեն քննվելու, իսկ նմանատիպ հարցումները անմիջապես փակվելու են:
Այս կայքով միջնորդություն ներկայացրած դիմողների հետ կապը պահպանվելու է կայքի միջոցով՝ մինչև միջանկյալ միջոցների վերաբերյալ որոշման կայացումը: Կայքի միջոցով Դատարանի հաղորդագրությունները՝ ներառյալ ցանկացած ընթացակարգային կամ դատական որոշման մասին ծանուցումները, սովորական փոստով չեն ուղարկվելու: Դատարանը չի օգտվելու կայքից՝ իրենց միջնորդությունն այլ եղանակով (օր․՝ ֆաքսով կամ փոստով) ներկայացրած դիմողների հետ կապ հաստատելու նպատակով։
Միջնորդություններ ներկայացնելու համար դիմողները (պարտադիր) պետք է․
• Լրացնեն «Միջնորդության անվանումը» բաժինը (այս բաժնում դիմողը պետք է համառոտ ներկայացնի իր միջնորդության առարկան)
• Լրացնեն դիմողին, ներկայացուցչին և առնչվող պետությանը վերաբերող բաժինները
• Կցեն առնվազն մեկ հավելված: Բոլոր հավելվածները պետք է լինեն PDF ձևաչափով: Փաստաթղթերի ձևաչափի և ծավալի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարելի է գտնել Ընդհանուր դրույթներ և պայմաններ էջում (Terms and Conditions).
Կարևոր է
ECHR Rule 39 Site – Միջնորդությունը ներկայացնելուց հետո Դուք կարող եք հավելյալ տեղեկություններ կամ փաստաթղթեր ուղարկել միայն Դատարանի կողմից նման պահանջի դեպքում։
