Գործնական ուղեցույց
Միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդություններ1
(Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոն)
1 Դատարանի կանոնակարգի 32-րդ կանոնի համաձայն Դատարանի նախագահի կողմից 2003 թ. մարտի 5-ին ընդունված և 2009 թ. հոկտեմբերի 16-ին, 2011 թ. հուլիսի 7-ին, 2022 թ. մայիսի 3-ին և 2024 թ. մարտի 28-ին վերանայված գործնական ուղեցույց
I. Ներածություն
Կոնվենցիայի համակարգում միջանկյալ միջոցները կարող են բացառիկ հանգամանքներում կիրառվել Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն՝ կողմի կամ շահագրգիռ ցանկացած այլ անձի միջնորդությամբ կամ Դատարանի սեփական նախաձեռնությամբ, եթե առկա է անդառնալի վնասի անխուսափելի վտանգ։ Դրանք կենսական դեր ունեն այն անդառնալի իրավիճակները կանխելու գործում, որոնք կարող էին խոչընդոտել ներպետական դատարաններին և/կամ Դատարանին պատշաճ կերպով քննելու Կոնվենցիայի հիմքով ներկայացված գանգատները և, անհրաժեշտության դեպքում, ապահովելու, որ դիմողը գործնական և արդյունավետորեն օգտվի Կոնվենցիայով վկայակոչվող իրավունքներից։
Պատասխանող Պայմանավորվող կողմի կողմից միջանկյալ միջոցները չկատարելը խաթարում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածով երաշխավորված անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի արդյունավետությունը և Կոնվենցիայում ամրագրված իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու՝ պետության՝ 1-ին հոդվածով պաշտոնապես ստանձնած պարտավորությունը։ Միջանկյալ միջոցներ կիրառելիս Դատարանն իր իրավազորությունն է իրականացնում՝ Կոնվենցիայի 19-րդ հոդվածին համապատասխան ապահովելու Կոնվենցիայով և դրան կից Արձանագրություններով Բարձր պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունների պահպանումը. այդ իրավազորությունը տարածվում է դրանց մեկնաբանմանն ու կիրառմանը վերաբերող բոլոր հարցերի վրա, ինչպես նախատեսված է Կոնվենցիայի 32-րդ հոդվածով (տե՛ս, ի թիվս այլոց, Mamatkulov and Askarov v. Turkey [GC], nos. 46827/99 and 46951/99, §§ 128–29, ECHR 2005-I; Paladi v. Moldova [GC], no. 39806/05, §§ 84–106, 10 March 2009; M.K. and Others v. Poland, nos. 40503/17 and 2 others, §§ 229–38, 23 July 2020; and K.I. v. France, no. 5560/19, § 115, 15 April 2021)։ Հետևաբար միջանկյալ միջոցները պարտադիր են։
39-րդ կանոնի տեքստը փոփոխվել է 2024 թ. փետրվարի 23-ին՝ լրացուցիչ հստակեցնելու այն հանգամանքները, որոնց դեպքում կարող են կիրառվել միջանկյալ միջոցներ, ինչպես նաև դրանց վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու և դրանք կիրառելու համար պահանջվող շեմը։ Փոփոխությամբ նաև նպատակ է հետապնդվել կանոնի տեքստը համապատասխանեցնել միջանկյալ միջոցների վերաբերյալ Դատարանի հաստատված նախադեպային իրավունքին և գործելակերպին։
Սույն վերանայված Գործնական ուղեցույցը նպատակ ունի մանրամասն ուղեցույց տրամադրել Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն Դատարանի միջանկյալ միջոցների ընթացակարգի նյութաիրավական և ընթացակարգային կողմերի վերաբերյալ՝ միջանկյալ միջոցներին առնչվող վարույթների ընթացքի, այդ միջոցների կիրառման բացառիկ հանգամանքների և դրանց վերանայման հնարավորության հարցերում առավել մեծ հստակություն և թափանցիկություն ապահովելու համար։ Այն ուղղված է (հնարավոր) դիմողներին, նրանց ներկայացուցիչներին, Պայմանավորվող կողմերին և, ընդհանուր առմամբ, շահագրգիռ կողմերին։
II. Միջանկյալ միջոցների կիրառման ընթացակարգի շրջանակն ու գործելակերպը
A. Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի շրջանակը
Երբ Դատարանը միջանկյալ միջոց է կիրառում, ինչը տեղի է ունենում բացառիկ հանգամանքներում, այն նպատակ ունի պաշտպանություն ապահովել անդառնալի վնասի անխուսափելի վտանգից։ Ուստի Դատարանը վարույթի կողմերին այդպիսի միջոց կիրառելու հանձնարարություն է տալիս միայն այն դեպքում, երբ առկա ամբողջ տեղեկությունն ուսումնասիրելուց հետո գտնում է, որ միջոցն անհրաժեշտ է կողմերի շահերից կամ վարույթի պատշաճ ընթացքից ելնելով։ Դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցները կարող են կողմերից պահանջել ձեռնպահ մնալ որոշակի գործողություններից կամ նրանց պարտավորեցնել ձեռնարկել կոնկրետ միջոցներ։
39-րդ կանոնի նոր կոդիֆիկացված տարբերակում նշվում է, որ միջանկյալ միջոցները կիրառելի են «Կոնվենցիայով ամրագրված իրավունքին անդառնալի վնաս պատճառելու անխուսափելի վտանգի» դեպքում։ «Կոնվենցիայով ամրագրված իրավունքին անդառնալի վնաս» հասկացությունը սահմանվել է որպես այնպիսի վնաս, որն իր բնույթով ենթակա չէ հատուցման, վերականգնման կամ համարժեք փոխհատուցման։ Այս առումով «վերականգնում» եզրույթը պետք է հասկանալ որպես վերադարձ այն իրավիճակին, որը գոյություն ուներ մինչև որևէ վնաս պատճառվելը։ Հետևաբար Դատարանը միջանկյալ միջոցներ է կիրառում այն դեպքերում, երբ առկա է վտանգ, որ այդպիսի միջոցների բացակայությունը կհանգեցնի այնպիսի իրավիճակի, որում restitutio in integrum-ը և հատուցման այլ ձևերը հնարավոր չեն լինի, եթե Դատարանն իր առջև ընթացող վարույթի ավարտին դրանք հիմնավորված համարի։ Ուստի, 39-րդ կանոնի կիրառման համար գործի հանգամանքները պետք է հասնեն լրջության բարձր շեմի։ Միջանկյալ միջոցները կիրառվում են միայն այն դեպքում, երբ առկա են անդառնալի վնասի անխուսափելի վտանգի առերևույթ ապացույցներ, և ոչ այն դեպքերում, երբ միջանկյալ միջոցների բացակայությամբ դիմողները պարզապես դժվարություններ կկրեին։ Ներպետական իրավական պաշտպանության միջոցների սպառման վերաբերյալ տե՛ս ստորև III.C մասը։
Այսպիսով, Դատարանը, որպես կանոն, միջանկյալ միջոցներ է կիրառում միայն բացառիկ գործերով և բոլոր վերաբերելի հանգամանքների խիստ քննության հիման վրա։ Այդ գործերի մեծ մասում առկա ապացույցները վկայում են կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության իրական սպառնալիքի վերաբերյալ հստակ հիմնավոր պնդման մասին, որից բխում է Կոնվենցիայի հիմնական դրույթների խախտմամբ ծանր վնասի իրական վտանգը։
B. 39-րդ կանոնի ընթացակարգում որոշումներ կայացնող մարմինները
Միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու Դատարանի լիազորությունն իրականացնում են հերթապահ դատավորները կամ, ըստ անհրաժեշտության, Բաժանմունքի նախագահը, Պալատը, Մեծ պալատի նախագահը, Մեծ պալատը կամ Դատարանի նախագահը (39-րդ կանոնի 2-րդ կետ)։
Հերթապահ դատավորներն այն դատավորներն են, որոնք, 8-րդ կանոնի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, ընտրվել են որպես հինգ Բաժանմունքների փոխնախագահներ։ Նրանք նշանակվում են Դատարանի նախագահի կողմից՝ 39-րդ կանոնի 5-րդ կետին համապատասխան, միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։ 2022 թվականից ի վեր Բաժանմունքների բոլոր հինգ փոխնախագահները հանդես են գալիս որպես հերթապահ դատավորներ։ Գործնականում հերթապահ դատավորները չեն քննում այն Պայմանավորվող կողմի դեմ ներկայացված միջանկյալ միջոցների միջնորդությունները, որի առնչությամբ տվյալ դատավորն ընտրված է կամ որի քաղաքացին է։
39-րդ կանոնի փոփոխված տարբերակում Դատարանի լիագումար կազմը որոշել է սահմանել հատուկ իրավական հիմք, որը Դատարանի նախագահին անհրաժեշտության դեպքում հնարավորություն է տալիս կիրառել միջանկյալ միջոցներ։
Նոր անհատական գանգատներում միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդություններն առաջին հերթին քննում են հերթապահ դատավորները՝ Դատարանի քարտուղարության մասնագիտացված ստորաբաժանման աջակցությամբ։ Հերթապահ դատավորները պահպանում են միջնորդությունը 39-րդ կանոնի 2-րդ կետում նշված որոշում կայացնող այլ մարմիններից մեկին, այդ թվում՝ կոլեգիալ մարմիններին, փոխանցելու հնարավորությունը։ Փոխանցումներ կարող են կատարվել տարբեր իրավիճակներում՝ կախված միջնորդության բնույթից, այն գործից, որի շրջանակում միջնորդությունը ներկայացվել է, և առկա հրատապության աստիճանից։ Վերջին հանգամանքը կարող է նշանակել, որ կոլեգիալ մարմնին փոխանցումը հնարավոր չէ, և հերթապահ դատավորը կարող է որոշել ժամանակավորապես կիրառել 39-րդ կանոնը՝ այդ թվում այդպիսի մարմնի կողմից միջանկյալ միջոցի վերաբերյալ միջնորդության հետագա քննությունը դյուրացնելու նպատակով։ Կոլեգիալ մարմնի կողմից միջնորդության քննության հարցը որոշում է հենց Դատարանը։
Միջպետական գանգատներում, Մեծ պալատի վարույթում գտնվող անհատական գանգատներում և Բաժանմունքներին արդեն հանձնված ու հաղորդակցված անհատական գանգատներում ներկայացված միջանկյալ միջոցների միջնորդությունները, որպես կանոն, քննում են Դատարանի նախագահը, Մեծ պալատի նախագահը կամ Բաժանմունքների նախագահները։ Կոլեգիալ մարմնին փոխանցելու հնարավորությունը գործում է նաև այն դեպքերում, երբ որոշում կայացնելու իրավասությունն սկզբնական փուլում պատկանում է Դատարանի նախագահին, Մեծ պալատի նախագահին կամ Բաժանմունքների նախագահներին։
C. Միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդությունների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացը
2023 թվականին Դատարանի լիագումար կազմի իրականացրած՝ 39-րդ կանոնի որոշումների կայացման գործընթացի վերանայումից հետո, անկախ ընդունված որոշման բնույթից (օրինակ՝ միջանկյալ միջոցների կիրառում, միջնորդությունների մերժում, միջնորդությունների քննության հետաձգում, գործող միջանկյալ միջոցների վերացում), միջանկյալ միջոցների վերաբերյալ Դատարանի բոլոր որոշումները կողմերին ծանուցվում են որոշման տեսքով, որը ստորագրվում է հերթապահ դատավորի, Բաժանմունքի նախագահի, Մեծ պալատի նախագահի կամ Դատարանի նախագահի կողմից՝ ըստ կիրառելիի։ Միջանկյալ միջոցների ընթացակարգում որոշումներ ընդունող դատավորների անունները մշտապես նշվում են որոշումներում։
Որոշումներին կցվում է Քարտուղարության նամակ, որը պարունակում է ընթացակարգին վերաբերող տեղեկություններ, ինչպես նաև կողմերին ուղղված ցանկացած ցուցում կամ նրանցից պահանջվող գործողություն։
Դիմողները միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդությունների վերաբերյալ Դատարանի որոշումների մասին տեղեկացվում են ECHR Rule 39 Site կայքի միջոցով, ֆաքսով կամ փոստով։
Դատարանը կարող է միջանկյալ միջոցներ կիրառել մինչև հետագա ծանուցումը, Դատարանում վարույթի ամբողջ տևողության համար կամ սահմանափակ ժամկետով՝ գործի հանգամանքներից կախված։
Եթե միջանկյալ միջոցները կիրառվում են սահմանափակ ժամկետով, դրա պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ՝ Դատարանի պահանջով կողմերից վերաբերելի տեղեկություններ ստանալուն սպասելը, ընթացիկ վարույթներում ներպետական դատարաններին միջանկյալ միջոցի միջնորդության առարկա հարցը լիարժեք քննելու հնարավորություն տալը, այն գնահատականը, որ միջնորդությունը պետք է քննի կոլեգիալ մարմինը և նիստ նշանակելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, կամ հերթապահ դատավորի այն դիրքորոշումը, որ որոշում կայացնելուց առաջ լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ։
Եթե Դատարանը լրացուցիչ տեղեկություններ է պահանջել, երկու կողմերն էլ Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրավիրվում են սահմանված ժամկետում տրամադրելու անհրաժեշտ տեղեկությունները։ Այդ ժամկետի տևողությունը կախված է գործի հանգամանքներից և միջնորդության հրատապությունից։ Այդպիսի դեպքերում, կողմերից տեղեկություններ ստանալուց հետո, Դատարանը կարող է որոշել երկարաձգել գործող միջանկյալ միջոցը, չերկարաձգել այն կամ վերացնել այն։
Դատարանը կարող է նաև որոշել հետաձգել միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդությունների քննությունը և կողմերին հրավիրել տեղեկություններ տրամադրելու, եթե հրատապության աստիճանը դա թույլ է տալիս, այն դեպքերում, երբ դիմողների կողմից Դատարանին ներկայացված տեղեկությունները բավարար չեն միջնորդությունը քննելու համար, և հնարավոր է համարվում մինչև որևէ որոշում կայացնելը տեղեկություններ պահանջել պատասխանող Պայմանավորվող կողմից։
Երբ միջնորդության քննությունը հետաձգվում է, պատասխանող Պայմանավորվող կողմը կամ երկու կողմերն էլ 54-րդ կանոնի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրավիրվում են սահմանված ժամկետում տրամադրելու անհրաժեշտ տեղեկությունները։ Այդ ժամկետի տևողությունը կախված է գործի հանգամանքներից և միջնորդության հրատապության աստիճանից։ Կողմերից տեղեկություններ ստանալուց հետո Դատարանը կարող է կրկին հետաձգել միջնորդության քննությունը և կողմերին լրացուցիչ հարցեր ուղղել կամ կայացնել իր որոշումը միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդության վերաբերյալ։
Դատարանը կարող է նաև որոշել միջանկյալ միջոցի մասին ծանուցել Նախարարների կոմիտեին՝ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի 3-րդ կետի համաձայն, եթե այդ միջոցը կիրառած դատական մարմինը համարում է, որ ծանուցումը հիմնավորված է։ Այդպիսի հանգամանքներում կողմերը տեղեկացվում են ծանուցման մասին։
Եթե պնդվում է, որ պատասխանող Պայմանավորվող կողմը չի կատարել միջանկյալ միջոցը, և Դատարանը որոշում է գանգատի կամ գանգատի մի մասի մասին ծանուցել պատասխանող Պայմանավորվող կողմին, Նախարարների կոմիտեն կարող է նաև ծանուցվել Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունների կատարմանը վերաբերող ցանկացած հարցի մասին։
Երկու կողմերն էլ պարտավոր են լիովին համագործակցել վարույթի ընթացքում և, մասնավորապես, իրենց հնարավորությունների սահմաններում ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք Դատարանը համարում է անհրաժեշտ արդարադատության պատշաճ իրականացման համար (տե՛ս 44A կանոնը)։ Դիմողների համար դա նշանակում է, որ նրանք պարտավոր են ապահովել, որպեսզի միջանկյալ միջոցների միջնորդությունները ներկայացվեն ժամանակին և պարունակեն բոլոր անհրաժեշտ տեղեկություններն ու փաստաթղթերը (տե՛ս ստորև 32–37-րդ պարբերությունները)։ Էական է, որ դիմողները չուշացնեն իրենց միջնորդության ներկայացումը՝ ավելի բարձր հրատապություն ստեղծելու նպատակով։ Այդպիսի ձգձգումները կարող են բացասաբար ազդել դիմողների իրավունքների և շահերի, ինչպես նաև միջանկյալ միջոցների միջնորդությունները արդյունավետորեն քննելու Դատարանի կարողության վրա։ Պայմանավորվող կողմերի դեպքում շատ դեպքերում, թեև ոչ միշտ, հրատապության աստիճանի նկատմամբ վերահսկողությունը կարող է լինել նրանց իրավասության շրջանակում։ Դատարանը շեշտում է, որ Պայմանավորվող կողմերը միշտ կարող են նախապես տեղեկացնել Դատարանին, երբ համարում են, որ 39-րդ կանոնի համաձայն միջնորդություն կարող է շուտով ներկայացվել՝ այդ պահին տրամադրելով ցանկացած վերաբերելի տեղեկություն։
Ինչպես բացատրվել է վերը՝ 13-րդ պարբերությունում, միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդությունների վերաբերյալ Դատարանի որոշումները կողմերին ծանուցվում են դրանք կայացրած դատական մարմնի ստորագրությամբ որոշման ձևով։ Այդ դատական մարմնի հայեցողությամբ կարող է ներկայացվել որոշմանը վերաբերող լրացուցիչ պատճառաբանություն։
Միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդությունների վերաբերյալ որևէ որոշման դեմ բողոքարկում նախատեսված չէ։
Այնուամենայնիվ, պատասխանող Պայմանավորվող կողմը կարող է խնդրել Դատարանին վերանայել միջանկյալ միջոցներ կիրառելու իր որոշումը, եթե համարում է, որ այդ միջոցներն այլևս անհրաժեշտ չեն, կամ եթե նրա տրամադրության տակ կան տեղեկություններ, որոնք համապատասխան պահին հասանելի չեն եղել կամ ժամանակին չեն ներկայացվել Դատարանին։ Այդպիսի միջնորդությունների ներկայացման համար սահմանված ժամկետ չկա։ Վերանայման միջնորդություն ստանալիս Դատարանը կարող է մյուս կողմից պահանջել մեկնաբանություններ՝ սահմանված ժամկետում ներկայացնելու համար։ Այնուհետև Դատարանը քննում է կողմերի ներկայացումները և վերանայման միջնորդության վերաբերյալ իր որոշումը կայացնում է ցանկացած թարմացված և վերաբերելի փաստական ու իրավական տեղեկության հիման վրա։
Հանգամանքների փոփոխության դեպքում դիմողները կարող են ներկայացնել միջանկյալ միջոցներ կիրառելու նոր միջնորդություն, եթե սկզբնական միջնորդությունը չի բավարարվել։
39-րդ կանոնի համաձայն կիրառված միջոցը կարող է ցանկացած ժամանակ վերացվել Դատարանի որոշմամբ։ Մասնավորապես, քանի որ 39-րդ կանոնի համաձայն տրված կարգադրությունը կապված է Դատարանում ընթացող վարույթի հետ, միջոցը կվերացվի, եթե գանգատին հետամուտ չեն լինում։
Անհրաժեշտության դեպքում Դատարանը կարող է որոշել գանգատը հայտարարել անընդունելի՝ միաժամանակ մերժելով միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդությունը։
Դատարանի առաջնահերթության քաղաքականության համաձայն՝ այն գանգատները, որոնց շրջանակներում միջանկյալ միջոցներ են կիրառվել, դասվում են «հրատապ գանգատների» կատեգորիային (I կատեգորիա)։ Ուստի դրանք գերակայություն ունեն այլ կատեգորիաների գանգատների նկատմամբ և քննվում ու լուծվում են հնարավորինս արագ (տե՛ս նաև Դատարանի առաջնահերթության քաղաքականությունը)։
III. Գործնական տեղեկություններ միջանկյալ միջոցների վերաբերյալ
Միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդությունները քննվում են յուրաքանչյուր դեպքում առանձին՝ գրավոր ընթացակարգով։ Դրանք դիտարկվում են առաջնահերթության կարգով։ Դատարանի գործելակերպի համաձայն՝ այն միջնորդությունները, որոնք ակնհայտորեն դուրս են 39-րդ կանոնի շրջանակից, վաղաժամ, թերի կամ չհիմնավորված են, որպես կանոն, դատավորին որոշում կայացնելու համար չեն ներկայացվում և մերժվում են։ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնող դիմողները կամ նրանց ներկայացուցիչները պետք է պահպանեն ստորև նշված պահանջները2։
2 Կարևոր է տրամադրել ամբողջական կոնտակտային տվյալներ։
A. Պահանջվող տեղեկություններ և փաստաթղթեր
Հնարավորության դեպքում միջնորդությունները պետք է կազմված լինեն Պայմանավորվող կողմերի պաշտոնական լեզուներից մեկով և ներկայացվեն ECHR Rule 39 Site կայքի միջոցով կամ ուղարկվեն ֆաքսով կամ փոստով։ Դատարանը չի քննի էլեկտրոնային փոստով ուղարկված միջնորդությունները։
Դրանք պետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները՝
• Դիմողի անուն(ներ)ը
• Դիմողի ազգանուն(ներ)ը
• Դիմողի ներկայիս հասցեն կամ կալանավորման վայրը
• Ծննդյան ամսաթիվը
• Քաղաքացիություն(ներ)ը
• Մեկից ավելի դիմողների դեպքում՝ յուրաքանչյուր դիմողի «Անուն(ներ)ը», «Ազգանուն(ներ)ը», «Ներկայիս հասցեն», «Ծննդյան ամսաթիվը» և «Քաղաքացիություն(ներ)ը»
• Ներկայացուցչի (եթե այդպիսին կա) անուն(ներ)ը, ազգանուն(ներ)ը, հասցեն և կարգավիճակը
• Պետություն(ներ)ը, որի (որոնց) դեմ ներկայացվում է միջնորդությունը
Ստորև նշված տեղեկություններն ու փաստաթղթերը նույնպես պետք է ներկայացվեն միջնորդության հետ միասին։
A. Միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդության հիմքերը՝
1. Ընթացիկ իրավիճակի մանրամասն նկարագրությունը։
2. Անդառնալի վնաս կրելու ենթադրյալ անխուսափելի վտանգի բնույթը։
3. Բոլոր առնչվող փաստաթղթերի պատճենները (բժշկական վերջին եզրակացությունները, լուսանկարներ, դիմողի խոցելիությունը վկայող փաստաթղթեր, մամուլում հրապարակված հոդվածներ կամ դիմողի իրավիճակի վերաբերյալ զեկույցներ և այլն)։
4. Երկրից տեղափոխման/արտաքսման/հանձնման գործերով՝
a. Ծագման/տեղափոխման երկիրը լքելու մանրամասն պատճառները։
b. Ծագման/տեղափոխման երկիր վերադառնալուց վախենալու պատճառները։
c. Պայմանավորվող կողմ ժամանելու ամսաթվի և հանգամանքների վերաբերյալ տեղեկությունները։
d. Տեղափոխման երկիրը։
e. Երկրից տեղափոխման/արտաքսման/հանձնման նախատեսված ամսաթիվը։
f. Բոլոր առնչվող փաստաթղթերի պատճենները (խուզարկության որոշումներ, ձերբակալման որոշումներ, մեղադրական դատավճիռներ, դիմողի վերաբերյալ մամուլում հրապարակված հոդվածներ կամ զեկույցներ, երկրի վերաբերյալ զեկույցներ և այլն)։
B. Պայմանավորվող կողմում ներպետական վարույթների վերաբերյալ տեղեկություններ՝
1. Ներպետական վարույթների վերաբերյալ տեղեկություններ՝ ներառյալ դատական որոշումների և բողոքների ամսաթվերն ու բովանդակությունը։
2. Ներպետական մարմինների առջև վարույթների վերաբերյալ բոլոր այլ վերաբերելի տեղեկությունները։
3. Բոլոր առնչվող փաստաթղթերի պատճենները (ներպետական մարմինների որոշումների, դատական որոշումների, ներպետական մարմիններին և դատարաններին ներկայացված միջնորդությունների պատճեններ և այլն)։
4. Երկրից տեղափոխման/արտաքսման/հանձնման գործերով՝
a. Ապաստան հայցելու վարույթների վերաբերյալ տեղեկություններ, եթե այդպիսիք կան։
b. Երկրից տեղափոխմանն առնչվող վարույթների վերաբերյալ տեղեկություններ։
c. Բոլոր առնչվող փաստաթղթերի պատճենները։
C. Կոնվենցիայի այն հոդվածները, որոնց հղում է կատարվում։
D. Պատշաճ կերպով լրացված լիազորագրի ձևաթուղթ, եթե միջնորդությունը ներկայացնում է ներկայացուցիչը։ Ձևաթուղթը կարող է ուղարկվել միջնորդությունը ներկայացնելուց կարճ ժամանակ անց։ Միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդությունները պետք է ներկայացվեն դիմողների համաձայնությամբ։
E. Դատարանի կողմից տրված հղման համարը, եթե տվյալ միջնորդության կապակցությամբ արդեն այդպիսի համար ունեք։
F. Բոլոր այլ տեղեկություններն ու փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ եք համարում։
Վերոնշյալ տեղեկություններն ու փաստաթղթերը չներկայացնելը կարող է հանգեցնել այն գնահատականին, որ միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդությունը չհիմնավորված կամ թերի է։
Այլ փաստաթղթերում կամ ներպետական վարույթներում ներկայացված փաստարկներին պարզապես հղում անելը բավարար չէ։ Վերևում նշված տեղեկություններն ու փաստաթղթերը պետք է կցվեն յուրաքանչյուր միջնորդությանը։
Դատարանը պարտադիր չէ, որ կապ հաստատի այն դիմողների հետ, որոնց միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդությունը թերի է։
B. Միջնորդությունների ժամանակին ներկայացումը
Որպես կանոն, միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդությունները պետք է ուղարկվեն հնարավորինս շուտ՝ վերջնական ներպետական որոշումը կայացվելուց հետո, որպեսզի Դատարանը և նրա Քարտուղարությունը բավարար ժամանակ ունենան հարցը քննելու համար։ Դատարանը կարող է ի վիճակի չլինել քննել արտաքսման կամ հանձնման գործերով ներկայացված այն միջնորդությունները, որոնք ստացվել են երկրից տեղափոխման նախատեսված ժամից մեկ աշխատանքային օրից պակաս ժամանակ առաջ3։
Եթե վերջնական ներպետական որոշման ընդունումը մոտալուտ է, և առկա է անհապաղ կատարման վտանգ, հատկապես արտաքսման կամ հանձնման գործերով, դիմողները և նրանց ներկայացուցիչները պետք է միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդությունը ներկայացնեն առանց այդ որոշմանը սպասելու՝ հստակ նշելով այն ամսաթիվը, երբ որոշումը պետք է կայացվի, և այն, որ միջնորդությունը պայմանավորված է վերջնական ներպետական որոշման բացասական լինելու հանգամանքով։
3 Դատարանի քարտուղարության փակ լինելու պետական և այլ ոչ աշխատանքային օրերի ցանկը կարելի է տեսնել Դատարանի ինտերնետային կայքում՝ www.echr.coe.int/contact։
C. Կասեցնող ուժ ունեցող ներպետական իրավական պաշտպանության միջոցներ
Դատարանը ներպետական դատարանների որոշումների դեմ բողոքներ քննող ատյան չէ, և արտաքսման կամ հանձնման գործերով դիմողները, նախքան միջանկյալ միջոցներ կիրառելու համար Դատարան դիմելը, պետք է օգտվեն ներպետական իրավական պաշտպանության այն միջոցներից, որոնք կարող են կասեցնել երկրից տեղափոխումը։ Եթե դիմողը դեռևս կարող է օգտվել կասեցնող ուժ ունեցող ներպետական իրավական պաշտպանության միջոցներից, Դատարանը չի կիրառի 39-րդ կանոնը երկրից տեղափոխումը կանխելու համար։
D. Անձի տեղափոխումը Պայմանավորվող կողմ
Եթե այն անձը, որի միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությունը մերժվել է, տեղափոխվում է մեկ այլ Պայմանավորվող կողմ, նա կարող է անհրաժեշտության դեպքում այդ պետության դեմ ներկայացնել նոր միջնորդություն Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն կամ գանգատ՝ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն։
E. Միջնորդություններին հետամուտ լինելը
Միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդությունը ներկայացնելուց հետո դիմողը կամ նրա ներկայացուցիչը պարտավոր է հետամուտ լինել դրան և պատասխանել Դատարանի քարտուղարության նամակագրությանը։
Դիմողը պետք է պատշաճ ջանասիրություն ցուցաբերի Դատարանի քարտուղարության հետ նամակագրության ընթացքում։ Կարևոր է, որ Դատարանին անհապաղ տեղեկացվի դիմողի վարչական կարգավիճակի կամ այլ հանգամանքների ցանկացած փոփոխության մասին (օրինակ՝ եթե դիմողին տրվել է կացության թույլտվություն, նա վերադարձել է իր ծագման երկիր կամ այլ կերպ փոխել է հասցեն, եթե փոխվել են երկրից տեղափոխման ամսաթիվը և ժամը, կամ եթե կայացվել է նոր դատական որոշում կամ տեղի է ունեցել դիմողի միջնորդությանը վերաբերող այլ զարգացում)։
Եթե միջոց է կիրառվել, դիմողը կամ նրա ներկայացուցիչը պետք է պարբերաբար և անհապաղ տեղեկացնի Դատարանին ընթացող ներպետական վարույթների վիճակի մասին։ Այդ պարտավորությունը չկատարելը կարող է հանգեցնել գործը Դատարանի գործերի ցուցակից հանելուն։
Եթե միջոցի կիրառումը մերժվել է, դիմողը կամ նրա ներկայացուցիչը պետք է տեղեկացնի Դատարանին՝ արդյոք ցանկանում է հետամուտ լինել գանգատին։ Դիմողի ներկայացուցիչը պետք է նաև իր նախաձեռնությամբ անհապաղ տեղեկացնի Դատարանին դիմողի հետ կապի հնարավոր կորստի մասին։
Եթե միջնորդությունը ներկայացվել է ECHR Rule 39 Site կայքի միջոցով և որոշման մասին դիմողին կամ նրա ներկայացուցչին ծանուցելուց հետո կայքում փակվել է, Դատարանին ուղղված հետագա նամակագրությունը պետք է ուղարկվի ֆաքսով կամ փոստով։ Էլեկտրոնային փոստով ուղղակիորեն դատավորին, Բաժանմունքի նախագահին, Դատարանի նախագահին կամ Քարտուղարության աշխատակցին հասցեագրված նամակագրությունը չի դիտարկվի։
